Ուկրաինայի առաջին նախագահը խոստովանել է, որ առանց ատրճանակի չի պառկում քնելու
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը հայտարարել է, որ պառկում է քնելու՝ ատրճանակը մահճակալի կողքի փոքրիկ պահարանի վրա դրված: Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին նա ասել է NewsOne հեռուստաալիքի եթերում:
Կրավչուկը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք երկյուղ է զգացել 1991թ.-ին՝ Ուկրաինայի անկախացման ժամանակ, ասել է. «Ինձ վրա կախված իրական վտանգ չեմ զգացել, իսկ այժմ ոչ թե վտանգ, այլ ինչ-որ սպառնալիք եմ զգում, որ անգամ չեմ կարող բացատրել: Երբ պառկում եմ քնելու, միշտ ատրճանակը դնում եմ մահճակալի կողքի փոքրիկ պահարանի վրա: Միշտ: Արդեն սովորել եմ դրան:
Եթե ես այն չեմ հանում և կողքիս չեմ դնում, չեմ կարողանում քնել: Գիտեմ, որ եթե որևէ մեկը ցանկանա ինչ-որ բան անել, այդ ատրճանակն ինձ ոչինչ չի կարող տալ, սակայն այն հանգստացնում է ինձ»,- պատմել է նախկին նախագահը:
Նա վերհիշել է 1991թ.-ին իր դեմ կատարված մահափորձը, երբ իր վրա դանակով հարձակվել են, և իր թիկնապահը պաշտպանել է իրեն՝ կրծքին դաշույնի հարված ստանալով: Թիկնապահի ներքին գրպանիկում, սակայն, ատրճանակ է եղել, որի շնորհիվ վերջինս ողջ է մնացել:
«Չեղյալ հայտարարել Խորհրդային միությունը, որտեղ 5 միլիոնանոց բանակ, հազարավոր միջուկային մարտագլխիկներ, միլիոնանոց ուժային կառույցներ և միլիցիա կա… 60 մլն մարդ է հավաքվում, որոնք միշտ պատրաստ էին… Եվ ստորագրել փաստաթուղթ այն մասին, որ Խորհրդային Միությունը դադարեցնում է իր գոյությունը, ամենևին հեշտ չէր»,- հավելել է Կրավչուկը:
Նշենք, որ Լեոնիդ Կրավչուկը նորանկախ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնել է 1991թ.-ի դեկտեմբերի 5-ին և հրաժարական տվել 1994թ.-ի հուլիսի 19-ին:










