Շարմ էլ Շեյխ-Երևան ինքնաթիռի ուշացման պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել, ուղևորներն էլ տեղավորվել են հյուրանոցներում․ ավիաընկերության ներկայացուցիչ
Ոչ մի ուղևոր Շարմ էլ Շեյխի օդանավակայանում 10 ժամ չի մնացել: Երեկվա Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթի հետաձգման վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ասաց Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Հռիփսիմե Ստամբուլյանը:
«Երբեք չի եղել, որ Air Cairo ավիաընկերությանը թռիչքը չիրականացնի: Սխալ տեղեկություն է, որ թռիչքը չեղարվել է: Ուշացումեր են եղել, նորմալ երևույթ է, նորմալ չէր լինի, երբ ընկերությունը զգուշացնում է ուշացման մասին և հաճախորդներին թողնում է բախտի քմահաճույքին»,-ասաց նա:
Հռիփսիմե Ստամբուլյանն ասաց, որ երեկվա չնախատեսված ուշացման պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել։ Խնդրի մասին իմանալուց հետո բոլոր ուղևորներին տարել են հյուրանոց և տեղավորել: Տեղում հյուրանոցների ծանրաբեռնվածության պատճառով ուղևորների մի մասը ուշ է տեղավորվել, բայց ի վերջո բոլորն էլ սենյակ են ունեցել:
«Բոլոր տեղերում տարածվել է, թե 10 ժամ ուղևորները օդանավակայանում են եղել: Ոք ոչ այդքան չի մնացել և թռիչքը չի չեղարկվել, այլ հետաձգվել է 13 ժամով։ Նշված 50 ուղևորի փոխարեն եղել է 120-ը, որից 70-ին 1 ժամվա ընթացքում են տեղափոխել հյուրանոց, մնացածը՝ մի փոքր ուշ: Երևան- Շարմ էլ Շեյխ չվերթի ուշացման բոլոր փոխհատուցումները մեր հաշվին կազմակերպել ենք, անգամ մարդիկ, ովքեր մարզերից էին եկել, տեղավորվել են Երևանի հյուրանոցներում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի առավոտյան 04:45-ին նախատեսված Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը հետաձգվել էր, որի պատճառով ուղևորները օդանավակայանում են մնացել:










