Այս պահին Սահմանադրական դատարանում չկա այնպիսի իրավիճակ, որ չլինի կառավարելի․ ԲՀԿ-ն՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում քննարկումներ են եղել՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության հետ կապված։
«Իմ աչքի լույսը չէ Հրայր Թովմասյանը, բայց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Հիմա, ով հանդես է գալիս նախաձեռնությամբ, նկատի ունեմ «Իմ քայլը» դաշինքը, ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ պարտավոր է պատգամավորների ձայների 3/5 ներկայացնել այդ նախաձեռնությունը։ Թե ինչպիսի որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, մենք իրավունք չունենք ասել ու կանխակալ կարծիք ասել»,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Վերջինս կարծում է, որ, մինչ գործընթացը սկսելը, այս կամ այն պաշտոնյայի կողմից արվող հայտարարությունները դիտարկվում են որպես ճնշում դատարանի վրա։
«Եթե Սահմանադրական դատարանը կգտնի, որ Հրայր Թովմասյանը հարուցել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի զայրույթը, թող որոշում կայանցի։ Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն որոշում կայացնենք՝ առանց հիմքերն ուսումնասիրելու։ Այս պահին մենք նման հիմք չենք տեսնում, այս պահին Սահմանադրական դատարանում չկա այնպիսի իրավիճակ, որ չլինի կառավարելի, այլ խնդիր է, որ առանձին անձիք չեն ներկայանում նիստերին, որոշումների կայացմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնում»,- ընդգծեց Պետրոսյանը։
Հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ում ճգնաժամ կա, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը պատասխանեց՝ ասելով, որ այս հարցում էմոցիան փոքր-ինչ շատ է․ «Մեխանիզմը, որն առաջարկվում է, բավականին մշուշոտ է, ամենակարևորն այն է, որ իրավական դաշտում գոյություն ունեցող խնդիրները լուծվեն բացառապես իրավական դաշտում։ Կա գայթակղություն, որ այս կամ այն պատճառով խնդիրների լուծումը դուրս կգա իրավական դաշտից, ինչն իր մեջ պարունակում է վտանգ։ Սա անձերի կամ պրոցեսների խնդիր չէ, պրոցեսի իրավական ընթացքի վերջնակետը մի քիչ անհասկանալի է»,- շարունակեց Արման Աբովյանը։
Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե կարգապահական խախտում չէ՞, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանական թիմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկ հարաբերությունների մեջ է, ասաց․ «Ցավոք, հայ ժողովուրդն այդքան մեծաքանակ չէ, ստեղ էլ, որ նայենք, կարող ենք քավոր-սանիկներ գտնենք, բայց չեմ ցանկանում, որ խնդիրն իջեցնենք կենցաղային մակարդակի»։










