Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան
Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
«Այս հարցը նաև Խորհրդի այսօրվա նիստում քննարկվեց (բայց դեռևս օդում մնաց)։
Եթե Կառավարությունն այլևս չի ուզում ունենալ ներառական համաձայնություն ենթադրող նախագիծ, ապա կարող է ունենալ իշխող մեծամասնության նախագիծ` դա իրենց իրավունքն է։
Բայց չի կարող լինել իրավիճակ, երբ թղթի վրա նախագծի մշակման գործառույթը տրված է Խորհրդին, բայց այն մշակում ու հրապարակում է այլ մարմին։
Գործադիրի կողմից` Խորհրդի հետ ունեցած պայմանավորվածությունների ու գրված կարգերի խախտումները (առաջին հերթին` նիստերի ու քննարկումների պարբերականության մասով) չեն կարող հասնել այն ծավալի, որ Խորհուրդը դառնա դեկորատիվ մարմին։
Այս հարցը պետք է հստակեցնել։ Եթե Խորհուրդը գործում է, ապա այն պետք է արագացված կարգով աշխատի նախագծի վրա (օգտվելով նախարարության մասնագիտական աջակցությունից)՝ թեկուզ և ամեն օր նիստեր կամ քննարկումներ կազմակերպելով։
Իսկ եթե Խորհուրդ դե-ֆակտո չկա, ապա այն պետք է նաև թղթի վրա չլինի։
Հ.Գ. Եվ այո, Խորհրդում պիտի լինեն միայն այն մարդիկ, որոնք պատրաստ են կիսել ժողովրդին Սահմանադրության նախագիծ տալու պատասխանատվությունը։ Ռեֆորմը տապալելու մտադրություն ունեցողներն ու ЛОМ-երը Խորհրդում անելիք չունեն»,-գրել է նա։














