ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» ընկերության հայտարարությունը
ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Տաշիր Կապիտալ» ընկերությունը։
«2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում։
ՀՀ կառավարության այս որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։ Այդ որոշմամբ արտակարգ արբիտրը պարտավորեցրել է կառավարության ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած քայլից։ ՀՀ կառավարության կողմից այդ որոշման պահպանման պարտավորությունը 2025 թվականի դեկտեմբերին ուղղակիորեն հաստատվել է նաև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմի կողմից։
Մենք ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են նշված որոշմամբ սահմանված ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով։ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակներում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են Հայաստանի կողմից ստանձնված` օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը ապահովող կարգավորումներից:
Նման անօրինական գործողությունները, անկասկած, համապատասխան միջազգային իրավական գնահատական կստանան, և ՀՀ կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել ներդրողներին պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները»։












