L'Oreal-ի տնօրենը հայտնել է, որ սելֆիներն ու շրջակա միջավայրի աղտոտումը «լավ են անդրադառնում» իրենց բիզնեսի վրա
L'Oreal կոսմետիկ ընկերության գործադիր տնօրեն Ժան-Պոլ Ագոնը հայտարարել է, որ Instagram-ը և նման սոցիալական հարթակները, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտումը «լավ են անդրադառնում բիզնեսի վրա», քանի որ հաճախորդները պետք է ավելի շատ դիմահարդարվեն սելֆիների համար և իրենց մաշկը պաշտպանեն կեղտոտ քաղաքային օդից, գրում է Daily Mail-ը:
MarketWatch-ի հետ զրույցում, այն հարցին, թե արդյոք շրջակա միջավայրի աղտոտումը շահավետ է եղել ֆրանսիական կոսմետիկ ընկերության համար, Ագոնը պատասխանել է. «Այո, բայց մենք չենք ողջունում այդ փաստը: Որտեղ կա աղտոտում, մենք ցանկանում ենք պաշտպանել մեր սպառողներին: Եթե բնակվում եք քաղաքում, ապա ձեր մաշկը, ձեր մազերն ավելի խոցելի են, այնպես որ դուք պետք է ավելի շատ շամպուններ, մաշկի խնամքի միջոցներ, խոնավեցնող քսուքներ և այլ միջոցներ օգտագործեք»:
Նա հավելել է, որ քաղաքի բնակչուհիները շատ են հանրային վայրեր այցելում, ուստի դիմահարդարման միջոցների սպառումը մեխանիկորեն մեծանում է: Նա նաև ընդգծել է, որ Instagram-ը նույնպես շահավետ է եղել բիզնեսի զարգացման համար, քանզի կանայք ցանկանում են լավ տեսք ուենալ «սելֆի անելիս»:
«Դիմահարդարման բիզնեսը ճգնաժամից խոցելի չէ»,- հայտնել է L'Oreal կոսմետիկ ապրանքանիշի 63-ամյա գործադիր տնօրենը և հավելել. «L'Oreal-ը շարունակելու է աճել, շարունակելու է զարգանալ և մեծացնել իր շահութաբերությունը»:











