Այսուհետ այցելուները հնարավորություն կունենան լուսաբացը դիմավորել Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերի բարձունքից (լուսանկար)
Դուբայ քաղաքի Բուրջ Խալիֆա երկնաքերը կարելի է բարձրահասակ գեղեցկուհու հետ համեմատել: Այն ասես վերևից է հետևում ողջ աշխարհի անցուդարձին, գրում է luxurylaunches.com-ը:
Դուբայում ապրողները և նրա այցելուները չեն դադարում հիանալ դրա հոյակերտ տեսքով: Այժմ շենքն առաջարկում է հիանալ ևս մի տեսարանով. այսուհետ հնարավոր կլինի Բուրջ Խալիֆայի բարձունքից դիմավորել ձմեռային լուսաբացները: Լուսաբացին կարելի է հետևել շենքի 124-րդ և 125-րդ հարկերից՝ առավոտյան ժամը 5.30-ից 8.30-ն ընկած ժամանակահատվածում՝ ուրբաթ և շաբաթ օրերին:
Այցելուները նաև հնարավորություն կունենան վայելելու իրենց նախաճաշը շենքի 124-րդ հարկից, իսկ հաջորդ հարկում էլ նրանց կսպասի 360 աստիճան տեսադաշտով ևս մի հիասքանչ տեսարան:
Շենքն ունի նաև VIP հատված: Այն հյուրերին հնարավորություն կտա վայելելու Բուրջ Խալիֆայից բացվող հիանալի տեսարանը երկնաքերի 154-րդ հարկից:
Տոմսերի արժեքը սկսվում է 149 ԱՄԷ դիրհամից (40.5 ԱՄՆ դոլար), մինչդեռ VIP` հատուկ տոմսերի գինը սկսվում է 608 ԱՄԷ դիրհամից (165 ԱՄՆ դոլար): Տոմսերը կարելի է պատվիրել առցանց կամ գնել Դուբայի ամենախոշոր առևտրի կենտրոնից` Dubai Mall-ից:











