«Գահերի խաղը» սերիալի աստղ Քիթ Հարինգթոնը հայտնել է, որ սերիալի եզրափակիչ մասը չի դիտել
Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը, որն ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորել է Ջոն Սնոուին, խոստովանել է, որ դեռևս չի դիտել սերիալի եզրափակիչ եթերաշրջանը, գրում է բրիտանական The Independent-ը:
Հարինգթոնը նշել է, որ սերիալը չդիտելը գիտակցված որոշում է եղել, ինչը կապված է «Գահերի խաղի» երկրպագուների` սերիալի եզրափակիչ հատվածի հետ կապված քննադատությունների հետ:
«Ես գիտեմ` մենք ինչի միջով ենք անցել, որպեսզի նկարահանենք այն. դա հեշտ չէր, և բոլորը դրա մեջ ջանքեր և սեր են ներդրել: Մենք գիտեինք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում: Եվ մենք գիտեինք, որ դա ճիշտ էր մեր կերպարների համար, քանի որ մենք նրանց հետ տասնամյակ ենք անցկացրել»,- ասել է դերասանը:
Օգոստոսին Ջորջ Մարտինը, որի գրքերի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը», պատմել է, թե ինչ ազդեցություն է իր վրա ունեցել սերիալի վերջաբանը: Դրանից մեկ ամիս առաջ նա շոուի երկրպագուներին քննադատել էր «թունավոր» վարքագիծ դրսևորելու համար:
Մայիսին էլ երկրպագուները պահանջել էին վերստին նկարահանել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը, որը, նրանց կարծիքով, անհաջող էր: Ի պատասխան` սերիալի դերասաններ Սոֆի Թերները և Այզեք Հեմփստեդ-Ռայթն ասել են, որ հեռուստադիտողները սեփական կարծիքի իրավունք ունեն, սակայն եզրափակիչ եթերաշրջանը նորից նկարահանելու նրանց պահանջը անհարգալից վերաբերմունքի դրսևորում է շոուի հեղինակների հանդեպ:










