Led Zeppelin-ի կիթառահար Ջիմի Փեյջը հաստատել է հանրահայտ ռոք խմբի մասին ֆիլմի ստեղծման վերաբերյալ լուրերը
Մեծ հաջողություն գրանցած լեգենդար The Queen խմբի մասին պատմող «Բոհեմյան ռապսոդիա» (Bohemian Rhapsody) և երաժիշտ Էլթոն Ջոնի կյանքի մասին պատմող «Ռոքեթմեն» (Rocketman) ֆիլմերի հաղթարշավից հետո, ռեժիսորները նոր ֆիլմ են ցանկանում ստեղծել հանրահայտ Led Zeppelin-ի մասին: Ֆիլմի ստեղծման մասին լուրերը հաստատել է խմբի կիթառահար Ջիմի Փեյջը, գրում է Daily Mail-ը:
Փեյջը հայտնել է, որ բանակցություններ են ընթանում խմբի պատմությունը մեծ էկրանին դրամայի վերածելու շուրջ:
«Քննարկվել է: Միշտ կան մարդիկ, որոնք փորձում են գումար վաստակել Led Zeppelin-ի հաշվին»,- հայտնել է Փեյջը:
Երաժիշտը, սակայն, մեծ ոգևորությամբ չի վերաբերում նախագծին, գրում է աղբյուրը։
«Ի՞նչ կարիք կա ֆիլմ նկարահանելու: Լսե´ք ալբոմները»,- հայտնել է կիթառահարը:
1968 թվականի սեպտեմբերին Լոնդոնում կազմավորված Led Zeppelin-ը համարվում է ամենահաջողակ, նորարարական ու ազդեցիկ ռոք խմբերից մեկը: Այն եղել և մնում է ռոք երաժշտության ամենահաջողակ խմբերից մեկը. նրանց ալբոմների համաշխարհային վաճառքը գերազանցում է 300 միլիոնը: 112 միլիոն օրինակ վաճառվել է միայն ԱՄՆ-ում: Խմբի ալբոմներից յոթը հայտնվել են Billboard 200-ի առաջին հորիզոնականներում։










