Թոմ Հենքսը կինոարտադրությունում ունեցած մեծ ավանդի համար կարժանանա Սեսիլ Բ. Դե Միլի պատվավոր մրցանակին
Հոլիվուդի ամենասիրելի աստղերից մեկը՝ Թոմ Հենքսը, կինոկարիերայի ընթացքում գրանցած ձեռքբերումների համար «Ոսկե գլոբուս» մրցանակի կազմակերպիչների կողմից կարժանանա պատվավոր մրցանակի, գրում է BBC-ն:
Հոլիվուդի արտասահմանյան լրագրողների ասոցիացիան (HFPA) հայտարարել է, որ հունվարին Բևեռլի Հիլզում «Ոսկե գլոբուս» մրցանակների հանձնման արարողության ժամանակ Թոմ Հենքսը կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար կարժանանա ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, ԱՄՆ-ի անցյալի ամենահայտնի կինոգործիչներից մեկի՝ Սեսիլ Բ. Դե Միլի պատվավոր մրցանակին:
63-ամյա տաղանդավոր դերասանի՝ 1994 թվականին «Ֆորեսթ Գամփ» ֆիլմում գլխավոր դերակատարումը բեկումնային է դարձել Հենքսի դերասանական կարիերայի համար:
«Ավելի քան երեք տասնամյակ իր հագեցած և ուրախ կերպարներով նա հիացրել է հանդիսատեսին»,- հայտնել է HFPA-ի նախագահ Լորենցո Սորիան իր հայտարարության մեջ:
Հենքսի դերակատարմամբ հաջորդ՝ «Մի գեղեցիկ օր հարևանությամբ» (A Beautiful Day in the Neighborhood) ֆիլմն էկրաններին կհայտնվի նոյեմբերին:
«Օսկար»-ի կրկնակի դափնեկիր դերասանը հանդես է եկել ավելի քան 80 ֆիլմերում՝ «Անքունները Սիեթլում», «Ապոլլոն 13», «Չառլի Ուիլսոնի պատերազմը» և այլն:
Սեսիլ Բ. Դե Միլի մրցանակն ամեն տարի հանձնվում է դերասաններին կամ ռեժիսորներին՝ կինոարտադրության մեջ գրանցած վաստակի համար: Այդ մրցանակին են արժանացել Սթիվեն Սփիլբերգը, Մերիլ Սթրիփը, Օփրա Ուինֆրին, Հարիսոն Ֆորդը, այլք:












