Բեյոնսեն և Ադելը One Republic խմբի նոր ալբոմում հանդես կգան համատեղ երգով (տեսանյութ)
Հանրահայտ երգչուհիներ Բեյոնսեն ու Ադելը One Republic ամերիկյան խմբի նոր ալբոմում հանդես կգան համատեղ երգով, գրում է Daily Mail-ը:
Շաբաթ երեկոյան Նյու Յորքում կայացած Global Citizen փառատոնում ելույթից առաջ հանրահայտ One Republic խմբի մենակատար Ռայան Թեդերը Z100 երաժշտական կայանի հետ զրույցում հայտնել է իրենց նոր ալբոմի շրջանակում Բեյոնսեի և Ադելի սպասված համագործակցության մասին:
«Մի երգ ունենք Բեյոնսեի և Ադելի մասնակցությամբ»,- հայտնել է երգիչը և հավելել, որ երգում դաշնամուրային կատարմամբ հանդես կգա նաև Coldplay խմբի երգիչ Քրիս Մարտինը:
Ինչպես հայտնի է, Ադելը Բեյոնսեի վաղեմի երկրպագուն է: Ադելը, 59-րդ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հաղթելով «Լավագույն ալբոմ» անվանակարգում, հրաժարվել էր մրցանակից և հայտնել, որ Բեյոնսեն է արժանի հաղթանակի։ Ի նշան իր սիրո, Ադելն արձանիկը երկու մասի էր բաժանել:
Երգչուհիները դեռևս չեն հաստատել լուրերի իսկությունը: One Republic խմբի առաջիկա՝ Human ալբոմը կթողարկվի ընթացիկ տարվա նոյեմբերին:













