Մահացել է ամերիկյան օպերային երգչուհի Ջեսսի Նորման
75 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի օպերային երգչուհի Ջեսսի Նորման: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Variety-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի ներկայացուցչի հայտարարությունը:
Ըստ աղբյուրի՝ հայտարարության մեջ նշված է, որ Նորման մահացել է երկուշաբթի կեսօրին՝ Նյու Յորքում՝ ողնուղեղի վնասվածքից առաջացած բարդությունների պատճառով, որը նա ստացել էր 2015 թվականին:
«Մենք այնքան հպարտ ենք Ջեսսիի երաժշտական նվաճումներով և այն ներշնչմամբ, որով նա վարակել է ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Մենք նաև հպարտ ենք նրա հումանիտար գործունեությամբ՝ ուղղված այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ քաղցը, անօթևանությունը, կրթությունն ու մշակույթը»,- ասված է հայտարարության մեջ:
Ջեսսի Նորմանն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Ամբողջ կյանքում ունեցած երաժշտական նվաճումների համար» և արվեստի ոլորտում Միացյալ Նահանգների ազգային մեդալի:










