Սիրիայի քրդերը համընդհանուր զորահավաք են հայտարարել՝ Թուրքիայի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի ֆոնին
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ինքնավար վարչակազմը չորեքշաբթի համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ կապված Թուրքիայի ԶՈՒ-ի վերահաս ռազմական գործողությունների սպառնալիքի հետ, հաղորդում է cnbc.com-ը:
«Ինքնավար վարչակազմը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում երեք օրով համընդհանուր զորահավաքի մասին և կոչ է անում մեր բոլոր ինստիտուտներին, կառավարություններին և մեր ժողովրդի բոլոր խավերին ուղևորվել Թուրքիայի հետ սահման՝ իրենց պարտքը կատարելու և այս պատմական պահին դիմադրություն ցույց տալու»,- ասված է վարչակազմի մամուլի հայտարարության մեջ:
Իրաքյան Քուրդիստանում և աշխարհի այլ անկյուններում բնակվող քրդերին էլ վարչակազմը կոչ է արել բողոքի ակցիաներ անցկացնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մասին որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:
Թուրքիայի նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ չի աջակցի և չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հյուսիսում:
Ընդ որում, ԱՄՆ-ն Թուրքիայի կողմից ծրագրվող ռազմական գործողության ֆոնին Սիրիայի հյուսիսից դուրս էր բերել իր զինվորականներին:
«Գերատեսչության դիրքորոշումը եղել և մնում է նույնը՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը կայունության պահպանման լավագույն ճանապարհն է: Ցավոք, Թուրքիան որոշել է միակողմանի գործել: Այդ պատճառով մենք ԱՄՆ-ի ուժերը Սիրիայի հյուսիսից դուրս բերեցինք՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար: Ներկայում մենք Սիրիայում մեր ուժային ներկայության մեջ փոփոխություններ չենք մտցրել»,- ասված էր հայտարարության մեջ:










