Իշխանության հերոսները քայլածներն ու պառկածներն են, նրանց կողմից Նժդեհի մասին խոսելն անհեթեթություն է. ռազմական գործիչ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)
Այն, ինչ Ալիևը խոսում էր Փաշինյանի հետ, ոչ միայն Արցախի Հանրապետությանն է վերաբերում, այլ անմիջականորեն վերաբերում է Հայաստանին: Այդ ամենին սթափ գնահատական պետք է տալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով Աշխաբադում Փաշինյան-Ալիև զրույցին:
«Որպես ՀՀ քաղաքացի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը ես բնորոշում եմ ռազմական գործողությունների վերսկսման նախաբան: Իրականում այսօր ՀՀ իշխանությունը մեկուկես իր տարի վարած ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեց Ալիևի ու Ադրբեջանի՝ նման գռեհիկ և մարտական կոչերով հանդես գալու համար»,- ասաց Գևորգյանը և կասկած հայտնեց, թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ինչպես է հայ ժողովուրդը կարողանալու հետ շպրտել հակառակորդին:
«Հասկանում եք, առաջնագիծը առանց ամուր թիկունքի, պառակտված ժողովրդով, թունավորված հասարակությամբ, քայլ արածներով և չարածներով վտանգավոր կլինի առաջ գնալու համար»,- նշեց նա և հավելեց, որ ներկայիս իշխանությունն իր քայլերով երկիրը վտանգի առաջ է կանգնեցնում:
Գևորգ Գևորգյանի խոսքով՝ ապազգային քաղաքականություն վարելով, հերոսներին վարկաբեկելով՝ ներկայիս իշխանության կողմից Նժդեհի մասին խոսելը անհեթեթություն է:
«Երբ իրենց հերոսները քայլածներն ու պառկածներն են, և նրանք խոսում են Նժդեհի մասին. դա պոպուլիստական քայլ է: Պատկերացրեք, եթե Նիկոլ Փաշինյանը արձագանք չտար, չէր կարողանալու տակից դուրս գալ: Նա ինչ կարողանում է, անում է, նա կարողանում է խոսել և ժամանակ ձգել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին Ալիևը խոսել է ԱՊՀ տարածքում՝ մասնավորապես Հայաստանում «ֆաշիստների հերոսացման» մասին՝ նշելով, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք Երևանում կանգնեցվել է ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, որին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»:
ՀՀ վարչապետը նշել է, որ տեղին չի համարում այս ձևաչափը պատմությունը խեղաթյուրելու համար օգտագործելը և նման կարևոր նիստի մթնոլորտում լարվածություն մտցնելը:









