Մշակվում են հնարավոր բոլոր քայլերը Սիրիայի հյուսիսային շրջաններից տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)

15:29 • 14.10.19

Մշակվում են բոլոր հնարավոր քայլերը, որ մեր բոլոր հայրենակիցները, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել Սիրիայի հյուսիսային շրջաններից, աջակցություն ցուցաբերվի այս գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում հայերի թիվը մոտ 3000 է, որոնք հիմնականում կենտրոնացած են Ղամիշլիում և Մալիքեայում: Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ առայժմ այս շրջաններում ռազմական բախումներ չկան:

«Դամակոսում մեր դեսպանությունը և Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են Ղամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջաններում համայնքային կառույցների հետ: Մենք օպերատիվ տեղեկատվություններ ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններից»,- հայտնեց ԱԳՆ խոսնակը: