Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը։
Դատարանը տեղեկացված է եղել, որ հոկտեմբերի 8-ին Ռոբերտ Քոչարյանը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռ․ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաբանական թիմի հարցմանն ի պատասխան «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենից ստացված տեղեկությունը։
Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է հոկտեմբերի 9-ին, ներկայումս շարունակվում է նրա հետվիրահատական-վերականգնողական բուժումը, և առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում (կախված հետվիրահատական բուժման ընթացքից և արդյունավետությունից) Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին հնարավոր չէ։
Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու, գործի քննությունը չի կարող շարունակվել։ Դատարանը հետաձգեց նիստը, հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին։









