Դատապարտում ենք Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը. ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցավ ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան (տեսանյութ)

12:09 • 15.10.19

13:00

Բողոքի ակցիա անող քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն, որով դատապարտում են ԱՄՆ իշխանությունների՝ քրդերի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը: Հայաստանի քրդերը հույս ունեն, որ ԱՄՆ-ն կփոխի իր դիրքորոշումը:

Նամակն ստացող ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը նախ հայտարարեց, որ իրենք հարգում են քրդական համայնքի խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքը. «Հիմա չենք կարող պատասխանել, բայց կպատասխանենք»,- նշեց դեսպանատան աշխատակիցը:



12:09

Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները ակցիա են իրականացնում՝ Միացյալ Նահանգների իշխանությունների ուշադրությունը հրավիրելով Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակի վրա, մասնավորապես քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումների խնդրի վրա:

«ԱՄՆ դեսպանատան առաջ ենք հավաքվել՝ ասում ենք, որ դատապարտում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարության այն քայլը, որ քրդերին մենակ թողեցին թուրքերի թնդանոթների դեմ»,- ասաց ՀՀ-ում քրդական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Թուրքիայի պաշտոնական վարկածն այն է, թե քանի որ այդ հատվածում իշխում են Քրդական աշխատավորական կուսակցությանը կից Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական, մտնում են իբրև ահաբեկիչներին մաքրելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ խորանալ՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու և 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար: