Արցախում անցկացված համաժողովին ՀՀ ԱԺ-ից ներկայացվածություն չկար. բացթողումն ինչ-որ բան ասում է․ Կիրո Մանոյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց ս․թ․ հոկտեմբերի 11-ին Արցախում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովը:
«Այս երկու-երեք օրը բավական կարևոր էր և՛ Արցախի համար, և՛ Արցախի բարեկամների համար: Հիմնական նպատակը՝ ցույց տալ Արցախի բարեկամներին, որ իրենք աշխարհում մենակ չեն, և Ադրբեջանի կողմից գործադրվող`մի կողմից Արցախը մեկուսացնելու քաղաքականությունը, մյուս կողմից` Արցախի բարեկամներին պատժելու ուղղությամբ քայլերը, ոչ մի ազդեցություն չունի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանից համաժողովին ներկայացվածությանը, ապա Կիրո Մանոյանն ասաց, որ շատ հրավիրյալներ չէին եկել, ներկա էր արտգործնախարարը: Նա նշեց, որ թեև ԱԺ նախագահին և խմբակցություններին ևս հրավերներ ուղարկվել էր, սակայն, որքան հասկացել է, տեխնիկական պատճառով նամակը ուշ են ստացել: «Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ դա համաժողովի թերություններից մեկն էր, որ ՀՀ Ազգային ժողովից ներկայացվածություն չկար: Հրավիրվել էր Երևանի քաղաքապետը, բայց էլի չէին ներկայացել: Այդ ամենը մի քիչ անհասկանալի էր: Չեմ ուզում հատուկ վերագրել քաղաքական նկատառումներին, բայց բացթողումը իրենց կողմից ևս ինչ-որ բան է ասում»,-ասաց նա:
Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի, այնուհետև՝ իր դեմ հնչող հայտարարություններին, Կիրո Մանոյանը նշեց. «Միշտ էլ մտահոգություն ենք հայտնել, որ Հայաստանից և Արցախից հայտարարությունները չլինեն այնպիսին, որ ընդհանրապես մթնոլորտը սրեն, հարաբերություները սրեն: Չեմ ուզում ասել՝ հավն է առաջինը, թե հավկիթը, բայց լավ մթնոլորտ չի լինի, եթե ունենանք երկու հանրապետությունների միջև ինչ-որ լարվածություն, որը կարող է նույնիսկ մեր հասարակությանը պառակտման տանել: Դա պետք է կանխենք, բայց սա չի նշանակում, որ Բալասանյանի ասածը այդպիսին ենք համարում»:
Նա նշեց, որ չի ցանկանում որևէ մեկին վիրավորել և հավելեց․ «Բայց Արցախը Վիտալի Բալասանյան չէ, Վիտալի Բալասանյանը Արցախ չէ»:









