Պենտագոնի ղեկավարը հայտնել է Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետևանքով ԻՊ-ի ձերբակալված զինյալների ազատ արձակման մասին
Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունները խոչընդոտ են հանդիսանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար և հանգեցրել են կալանքի տակ պահվող շատ գրոհայինների ազատ արձակմանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, գրում է tass.tu-ն:
«Չնայած ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից առարկություններին և բազմիցս արված նախազգուշացումներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիս միակողմանի ներխուժման հրաման է տվել, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, ավերածությունների, մեծ թվով փախստականների, անվտանգության մակարդակի նվազման և ամերիկացի զինվորականների համար լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծել»,- նշել է նա:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «այդ անթույլատրելի ներխուժումը հանգեցրել է ԻՊ-ի շատ վտանգավոր բանտարկյալների ազատ արձակմանը»:
Էսպերը հայտնել է նաև, որ Թուրքիայի անպատասխանատու գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ուժերի համար վտանգն այժմ աննախադեպ բարձր մակարդակի է հասել:
«Կա նաև սպառնալիք, որ մենք կներքաշվենք ավելի ընդգրկուն հակամարտության մեջ»,- հայտնել է Էսպերը և հավելել, որ այդ պատճառով Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը նախագահի հրամանով իրականացնում է Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զինվորականների պլանավորված դուրսբերումը:
«Թուրքիայի միակողմանի գործողություններն ավելորդ էին և անտրամաբանական», - կարծիք է հայտնել Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ Թուրքիան պատասխանատու է ռազմական գործողությունների բոլոր հետևանքների, ներառյալ՝ ԻՊ-ի հնարավոր վերածննդի, հնարավոր ռազմական հանցագործությունների և աճող հումանիտար ճգնաժամի համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է «Քրդական աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս էլ-Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների:









