Բժիշկը դիմել է դատարան, տեղեկացնելով, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ հետվիրահատական շրջան է. նա չի մասնակցի նիստին. Հայկ Ալումյան

13:25 • 15.10.19

Բժիշկը դիմել է դատարան, տեղեկացնելով, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի մոտ հետվիրատական շրջանն է, և առողջական ցուցումներից ելնելով՝ նպատակահարմար չէ, որ նա գա դատարան: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Բայց պարոն Քոչարյանը մեզ՝ փաստաբաններիս, հայտնել է դատարաններին իր տեսակետը հասցնել, որ եթե գալը ոչ թե իր պարտականությունն է, այլ իրավունքն է, ապա դատավարությունը շարունակվի մինչև որ հաջորդ դատական նիստին նա անձամբ կկարողանա գալ: Ներպետական օրենքն ասում է, որ ամբաստանյալի ներկայությունը պարտադիր է, բայց Եվրոպական դատարանն ունի մի շարք վճիռներ, որոնցում ասված է, որ դա անձի իրավունքն է, ոչ թե պարտականությունը»,- նշեց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ այս պահին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է «Մարտի 1-ի» գործից առանձնված մասով գործի քննությունը: