Որոշման մեջ մայրենիի նկատմամբ ոչ մի ոտնձգություն չկա. Ա. Բախշյանը՝ բուհերի պարտադիր առարկաների ցանկից «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները հանելու մասին

11:40 • 15.10.19

Որոշման մեջ մայրենիի նկատմամբ ոչ մի ոտնձգություն չկա.  Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմանը, ըստ որի՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություն կատարելով՝ այլևս բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:

«Խոսքը ոչ թե մայրենի լեզվի ստորադասման մասին է, այլ որ մայրենի լեզվով  միջնակարգ կրթություն ստացած մարդը պետք է դառնա լավ մասնագետ, և այդ բուհական տարիները պետք է առավել արդյունավետ օգտագործի մասնագիտական և հետազոտական աշխատանք կատարելու համար: Նպատակահարմարությունը չեմ հասանում,  եթե դպրոցն ավարտել են, միջնակարգ կրթություն են ստացել, գնացել են բժշկական, պոլիտեխնիկ, ագրարային և այլ բուհեր, ինչու նա պետք է նորից որոշակի ժամաքանակով անցնի «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն»,-ասաց Բախշյանը: 

Բախշյանը նշեց, որ այդ խնդիրը վաղուց բարձրացվել է բուհերի կողմից. «Տեսեք, մի կողմից մենք պահանջում ենք, որ բուհերը դառնան հետազոտական կենտրոններ, այսինքն՝ բուհում ուսանողի համար պայմաններ ստեղծեն, և շատ  ժամանակ տրամադրվի հետազոտական պայմանների վրա, որպեսզի իր մասնագիտական կարողություններն ու հմտությունները ամրապնդվեն, իսկ դրա համար ժամանակ է պետք: Ես գիտեմ, որ որոշ բուհեր այսօր պատրաստվում են հավատարմագրման գնալ՝ մաս դառնալով միջազգային կրթական դաշտին, և ուստի ուսումնական պլանները պետք է պարունակեն որոշակի ժամաքանակ այդ հետազոտությունների համար: Հայոց լեզվի, պատմության համար բավական ժամանակ է տրվում, և բուհերը իրենց ուսպլաններում մասնագիտական առարկաների խորացման համար տրամադրվող ժամերը տալիս են այս առարկաներին՝ առանց որևէ բան ավելացնելու, իհարկե, եթե խոսքը հումանիտար մասնագիտությունների մասին չէ՝ բանասեր, լրագրող և այլն»,-ասաց նա: