Ինչո՞ւ հիվանդանոցից կանչ չի եղել ոստիկանություն՝ Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար վրաերթի ենթարկված երեխայի վերաբերյալ. պարզաբանում է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկը
«Արմենիա» հանրապետական ԲԿ բժիշկ Արսեն Գևորգյանը, ով պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար վրաերթի ենթարկված 9-ամյա երեխային բժշկական օգնություն է ցույց տվել, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխային հիվանդանոց բերելուց հետո բժիշկների կողմից կանչ ոստիկանություն չի եղել, քանի որ երեխայի մոտ ոսկրաբանական պաթոլոգիա չի գեղել։
Ըստ Արսեն Գևորգյանի՝ հիվանդանոցի ներքին կանոնակարգի համաձայն՝ ոստիկանություն հայտնվում են այն դեպքերը, որոնք խնդրահարույց են, կամ որոնց դեպքում կա կոտրվածք:
Ըստ բժիշկ Արսեն Գևորգյանի՝ երեխայի մոտ ոսկրաբանական որևէ խնդիր՝ կոտրվածք, հոդախախտեր և այլ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Tert.am-ի հարցին, թե ինչու ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել ԲԿ կողմից, նա պատասխանեց, որ այն պատճառով, որ թե՛ մայրը, թե՛ նրանց ուղեկցողներն ասել են, որ երեխան բակում խախալուց է ոտքը վնասել:
«Մենք առաջնորդվում ենք հիվանդի խոսքերով, եթե նրա ասածից ակնհայտ շեղումներ չկան: Եթե իրենք չասեին, որ երեխան ոտքն է ոլորել, այլ ասեին այնպես ինչպես կա՝ այսինքն, վթար է եղել կամ վրաերթ, ապա եթե երեխան անգամ եթե ընդհանարապես խնդիր չունենար, դեպքը հայտնվելու էր ոստիկանությունում»,- ասաց Գևորգյանը:
Դիտարկմանը, որ ԲԿ-ներում բծախնդիր են նմանատիպ դեպքերում և հասարակ վնասվածքների դեպքում էլ հաղորդում են ներկայացնում ոստիկանություն, այս դեպքում տարօրինակ է դա չանելը, բժիշկն ասաց. «Չգիտեմ՝ որ հիվանդանոցում ինչպես է, բայց այսօր առավոտյան իմ ղեկավարության հետ էլ եմ հարցը քննարկել, մեր հիվանդանոցից նման կենցաղային տրավմաները օրինակ՝ ոտք ոլորելը, եթե կոտրվածք չկա, կտրած-ծակած վերքեր չկան այդ ամեն ինչը չի հայտնվում ոստիկանությունում: Իսկ չի հայտնվում, որպեսզի ոստիկանության առանց այն էլ ծանրաբեռնվված աշխատանքը ավելորդ ինֆորմացիայով չծանրաբեռնվի»:
Արսեն Գևորգյանը վստահեցրեց Դավիթ Սանասարյանի հետ դեպքը կոծկելու համար պայմանավորվածություն ձեռք չի բերել, նման բան ասելը, ըստ նրա, աբսուրդ է:
«Ես հեռուստացույցից ու «Ֆեսբուքից» դուրս իրեն ֆիզիկապես տեսել եմ այդ օրը, մինչ այդ իրեն ծանոթ չեմ եղել, ոչ մի կապ իր հետ չունեմ և չեմ ունեցել: Ինչ վերաբերում է պայմանավորվածությանը, դրա մասին խոսք լինել չի կարող: Ես այդ մարդու հետ ընդհանրապես ոչ մի բառ չեմ փոխանակել: Տեսանյութ էլ կա, որտեղ երեխայի մայրն իր բերանով ասում է, որ իրենք չեն ասել, որ վրաերթ է եղել: Եթե մայրն իր բերանով ասել է, որ իրենք չեն ասել, որտե՞ղ է լոգիկան, որ ես Սանասարյանի հետ բան պայմանավորվեի, եթե իրենք են հենց կոծկել իրական ինֆորմացիան»,- ասաց նա:
Tert.am-ի ճշտող հարցին, իր մոտ ընդհանրապես կասկած չի՞ առաջացել, որ երեխան բակում չի վնասել ոտքը, ասաց. «Շատ է լինում մեր պրակտիկայում դեպքեր, երբ մարդիկ ուզում են կոծկել իրական պատճառները: Երեխայի վիճակը այդ պահին, որ բերել էին հիվանդանոց, այն վիճակը չէր, ինչ որ ես տեսա տեսանյութում: Ինձ թվում է՝ այդ ժամանակ դեռ իրավիճակը թարմ էր, դեռ այն խնդիրները, որոնց մասին մայրը պատմում է տեսանյութում, դեռ չէին հասցրել զարգանալ: Այդ խնդիրները միանշանակ առաջացել են մեզ մոտից տանելուց հետո, մի քանի օրերի ընթացքում»,- ասաց բժիշկը և հավաստիացրեց, որ երբ երեխային բերել էին իրենց մոտ շատ դժվար էր տարբերել առողջ ոտքը վնասվածից:
Արսեն Գևորգյանը նշեց, որ երեխան Արմենիա ԲԿ-ում մնացել է 15 րոպե: Իրենք երեխային ուղարկել են ռենտգեն ստուգման, ոսկրաբանական խնդիր չի հայտնաբերվել, ինչից հետո երեխայի ոտքը ժամանակավոր գիպսով անշարժացվել է, մինչև մանկական հիվանդանոց տեղափոխելը:
Նա վստահեցրեց, օրենքի խախտում չկա, ոստիկանություն հաղորդում չներկայացնելու մեջ: «Օրենքի խախտում կլիներ այն դեպքում, երբ մենք տիրապետեինք ճշմարիտ ինֆորմացիային, որ մեքենայի հարված է եղել ու չհայտնեինք, իսկ այս պարագայում ոչ մի կերպ»,- հավելեց նա:
Tert.am-ի հարցին՝ հիվանդանոցում կասկած չի՞ հարուցել անգամ այն փաստը, որ երեխայի հետ հայտնի քաղաքական գործիչ է եկել հիվանդանոց, որ դիմեին ոստիկանություն, նա պատասխանեց. «Անկեղծ ասած կասկած չհարուցեց, որովհետև լարվածություն չկար, որ կառաջացներ կասկած: Լինում են դեպքեր, որ ուղեկցող մարդկանց անհանգստությունը վկայում է այն մասին, որ ինչ-որ հարց կամ խնդիր կա: Ուղղակի Դավիթ Սանասարյանն իգական սեռի ներկայացուցչի հետ շատ ավելի հեռու էր կանգնած ու իրենց պահվածքը կասկածելի չէր: Ես չհասկացա էլ, որ այդ երեխայի հետ կապված են եկել, վերջում որ շնորհակալություն հայտնեցին, միայն այդ ժամանակ հասկացա, որ իրար հետ են եկել, կարող էին նաև մտերիմներ լինել»:









