Ամերիկյան իշխանությունները քննարկում են թուրքական ավիաբազայում տեղակայված միջուկային զենքերի տեղափոխման հարցը

01:57 • 15.10.19

Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով The New York Times-ում հրապարակված հոդվածը, հայտնում են, որ հանգստյան օրերին ԱՄՆ Պետքարտուղարության և Էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են ամերիկյան 50 մարտավարական միջուկային զենքերը Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից տեղափոխելու հարցը:

Աղբյուրը հաղորդում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ «այդ զենքերը ներկա պահին Էրդողանի պատանդներն են»:

Օրեր առաջ հաղորդվում էր, որ թուրքական զինուժը պատահաբար հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան զորքերի ուղղությամբ, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս բերել ամերիկացի զինվորականներին Սիրիայից:

Ինչպես նկատում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, միջուկային զենքերի դուրս բերումը թուրքական ավիաբազայից և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լայնորեն դիտվում են որպես «կամուրջներ այրող զույգ հարցեր», որոնք կազդարարեն երկկողմ հարաբերություններում խոշոր պառակտման մասին: