Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը ժամանել են Պակիստան. այցի համար դքսուհին գեղեցիկ պակիստանյան ավանդական հագուստ է ընտրել (լուսանկարներ)
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ժամանել են Պակիստան, մի ճամփորդություն, որը բրիտանական ԶԼՄ-ները բնութագրում են որպես «ամենաբարդը և վտանգավորը» թագավորական զույգի միջազգային օրակարգում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը օդանավից իջել են Ռավալպինդի քաղաքի օդանավակայանում: Նրանց դիմավորել են մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ և ազգային տարազով ներկայացած երեխաներ, որոնք ծաղկեփունջ են նվիրել Միդլթոնին:
Դքսուհին պակիստանյան այցի համար ընտրել էր նրբագեղ հանդերձ, որն իրենից ներկայացնում էր ավանդական պակիստանյան զգեստ՝ երկար վերնազգեստ և տաբատ: Հանդերձի հեղինակը բրիտանացի դիզայներ Քեթրին Ուոքերն է:
Նշվում է, որ այն նմանեցվել է այն բազմաթիվ զգեստների ոճին, որոնք այդ մահմեդական երկրում կրել է Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան:
Հայտնի է, որ թագավորական զույգին իրենց ուղևորության ընթացքում ավելի քան 1000 պակիստանցի ոստիկան է ուղեկցելու՝ ապահովելու նրանց անվտանգությունը: Սա արքայական ընտանիքի անդամների առաջին այցն է Պակիստան վերջին 13 տարում։












