Արտաշատի ԲԿ տեղափոխված 19 երեխաները կերել են պիցցա, խաչապուրի և գաթա. բոլորի մոտ փորացավ է եղել (տեսանյութ)

14:33 • 15.10.19

15.38

Ըստ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության՝ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահին 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

14։33

Այսօր Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 երեխա: Երեխաներից երեքը բուժում են ստանում մանկական բաժնում է, 19-ը՝ ինֆեկցիոն: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Արտաշատի ԲԿ-ից:

«Նախնական տեղեկություններով երեխաների վիճակը ծանր չէ: Բոլորը կաթիլային են ստանում, բուժման մեջ են»,- հայտնեցին Արտաշատի ԲԿ-ից:

Ավելի ուշ Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Քրիստինե Պողոսյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցից Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 23 երեխաները կերել են պիցցա, խաչապուրի և գաթա:Բոլորի մոտ փորացավ է եղել:

«Երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում, մի քանի ժամից արդեն դուրս կգրվեն: Բոլորն իրենց ոտքով են եկել, ուղղակի ով մի քիչ վատ է զգացել, քանի որ վախ է եղել անձնակազմում, բոլորը միանգամից գնացել են հիվանդանոց»,- հայտնեց Քրիստինե Պողոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ դպրոցի սնունդը մատակարարում է «Անահիտ Վարդանյան» ՍՊԸ-ն:

Արարատի մարզպետարանի աշխատակիցը նաև հայտնեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մասնաճյուղն արդեն սննդի նմուշառում են արել: 3 օրից պատասխանները հայտնի կլինեն:

«Այստեղ մի նրբություն կա. 23 երեխաներ դպրոցի բուֆետից չեն օգտվել: Երեխաներ կային, ովքեր մոտակա խանութներից էին ինչ-որ բաներ գնել, կերել, բայց հիմնականում բոլորն էլ ասում են, որ կերել են պիցցա, խաչապուրի և գաթա»,- ասաց Քրիստինե Պողոսյանը: