Սիրիական բանակի մեքենաները ճանապարհին հանդիպել են Սիրիայի հյուսիսից հեռացող ամերիկացի զինծառայողներին (տեսանյութ)

10:08 • 15.10.19

Սիրիական կառավարական բանակի մեքենաները Քոբանին Մանբիջին կապող ճանապարհին հանդիպել են Սիրիայի հյուսիսից հեռացող ամերիկյան ռազմական մեքենաներին: Այս մասին տեղեկացնում է ruply.tv-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ամերիկյան դրոշներով զրահամեքենաները և սիրիական դրոշներով պիկապները շարժվում հակառակ ուղղություններով, ընդ որում՝ երկու երկրների զինծառայողները ոչ մի կերպ չեն արձագանքում միմյանց: 

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հիմնականում դուրս է բերել ամերիկյան զորքերը», սակայն դեմ չէ, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պաշտպանի քրդերին Թուրքիայի դեմ պայքարում:

Ավելի վաղ քրդերը հայտարարել էին, որ համաձայնության են եկել Դամասկոսի հետ Սիրիայի զորքերը Թուրքիայի հետ սահմանին տեղակայելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: