Չի կարելի այսպիսի մեծ կառույցը փակել ինչ-որ ամբիցիաների պատճառով. հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակից (տեսանյութ)
Տուբերկուլյոզով ամեն մի հիվանդ իր հետևից 10 հոգի կտանի: Դրա համար անթույլատրելի է այդ որոշումը, որը նախարարությունը կարծես չի գիտակցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցներից մեկը: Նրանք գործադուլ են իրականացնում Առողջապահության նախարարության դիսպանսերի ֆինանսավորման նվազեցման և այն ընդհանրապես փակելու որոշման դեմ:
Աշխատակիցներից մեկը նշեց, որ գործազրկությունից բացի առաջնային է ազգաբնակչության առողջության հարցը: Նրա խոսքով՝ տարեկան 2.5-3 հազար անալիզ է կատարվում նրանց լաբորատորիայում, որի մեջ մտնում են քաղաքի այն պոլիկլինիկաների անալիզները, որտեղ լաբորատոր ծառայություններ չկան:
«Մենք շատ հագեցված լաբորատորիա ունենք: Մենք կարող ենք բարձր մակարդակով աշխատել: Չեմ կարող ասել, թե Առողջապահության նախարարությունն ինչ է մտածում, բայց իմ տեսանկյունից կասեմ, որ եթե հիվանդը պետք է գնա Աբովյան, ինքը դեռ չգիտի՝ վարակ ունի, թե չէ, պատկերացնո՞ւմ եք այդքան ճանապարհը գնալ-գալով 5 օրում ի՞նչ կարող է լինել»,- նշեց նա:
«Չի կարելի այսպիսի մեծ կառույցը փակել ինչ-որ ամբիցիաների պատճառով»,- ասաց աշխատակիցը:









