Ոստիկանության վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն. ոստիկանապետի ԺՊ-ն այցելեց վիրավորված ոստիկանին (տեսանյութ)

11:48 • 16.10.19

Ոստիկանության ծառայողը իր պարտականությունները կատարելիս տեսնել է կասկածելի անձանց, և իրենք են հետամուտ լինում այդ կասկածելի անձանց ինքնությունը ստուգելուն և երբ մոտեցել են նշված անձանց, վերջիններս անմիջապես դիմել են փախուստի: Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում վիրավորված ոստիկանին այցելելու ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«Մեր ոստիկանները հետապնդել են նրանց և կարողացել են մեկին բռնել: Երկրորդ անձը, որ մինչ այդ կարողացել էր փախուստի դիմել, մթության մեջ միանգամից հարձակվել է մեր երկրորդ ոստիկանի վրա և փորձել ազատել իր բռնված ընկերոջը: Այդտեղ որոշակի քաշքշուքի ընթացքում կարողացել է մեր ոստիկանի ատրճանակը պոկել, որը հատուկ պարանով ամրակապված է եղել նրա վրա և արձակել կրակոցներ»,-ներկայացրեց Արման Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին զենքը դեռ չի հայտնաբերվել, բայց կարճ ժամանակահատվածում կարողացել են պարզել այդ անձանց ինքնությունը:

«Կարող եմ ասել, որ իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել, և մեր ոստիկանության ծառայողների օպերատիվ հոտառությունը իրենց չի դավաճանել, և մոտեցել են ճիշտ մարդկանց, ում պետք է տվյալ պահին մոտենային, ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է ստացվել»,-ասաց ոստիկանապետի ԺՊ-ն` ընդգծելով նաև, որ Ոստիկանության վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, և խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այսկերպ կամ որևէ կերպ հանդգնել պետության վրա ձեռք բարձրացնել:

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։  Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել ոստիկաններից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Այնուհետև դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են, մեկը՝ անչափահաս․ նրանք ձերբակալվել են։