Կանադան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա

11:40 • 16.10.19

Կանադայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցնում են զենքի արտահանումը Թուրքիա` Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է France24 հեռուստաալիքը:

«Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա»,- հայտարարել են Կանադայի արտգործնախարարությունից:

Կանադայի արտգործնախարարությունում կարծում են, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող են վատ անդրադառնալ տարածաշրջանում կայունության պահպանման վրա, ինչպես նաև զրոյացնել միջազգային կոալիցիայի ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում: Երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել նաև պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ապահովել հումանիտար օգնության հասանելիությունը:

Նշվել է նաև, որ 2018 թվականին Կանադայից զենքի արտահանումը Թուրքիա կազմել է մոտ 90 միլիոն դոլար:

Մինչ Կանադան, Թուրքիա զենքի արտահանման դադարեցման մասին հայտարարել էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նորվեգիան: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: