Փարիզի ոստիկանները ցրել են հրշեջների հավաքը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենա
Փարիզում այսօր բողոքի ակցիա են իրականացրել հրշեջ-փրկարարները՝ իշխանություններից պահանջելով աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակների պահպանման երաշխիքներ և հարգանք իրենց աշխատանքի նկատմամբ: Այդ մասին Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարները ճայթուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են սկսվել:
Ոստիկաններն արգելափակել են երթևեկությունը Փարիզի Պորտ դե Վենսեն մետրոյի կայարանի շրջակայքում, ինչը խցանումներ է առաջացրել:
Նշվում է, որ ավելի ուշ ոստիկանները ստիպված են եղել հրշեջ-ցուցարարների հավաքը ցրել՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Փարիզի մետրոյի և այլ հասարակական տրանսպորտի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ցուցարարներն ակցիան անվանել էին «նախազգուշական կրակոց»:









