Ոստիկանին սպանելու կասկածանքով 2 անձ բերման է ենթարկվել. ոստիկանություն

10:29 • 16.10.19

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 04․30-ի սահմաններում, Ազատության պողոտայում գրանցված միջադեպի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, մեկ ոստիկան ենթարկվել է ծեծի: Կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանություն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Երկու կասկածյալ բերման է ենթարկվել երկու անձ», -ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: