Բարսելոնայում ցուցարարները շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ. բողոքի ակցիաներ են նաև Իսպանիայի այլ քաղաքներում

02:00 • 16.10.19

Բարսելոնայի կենտրոնում՝ Իսպանիայի կառավարության մասնաշենքի մոտ, ցուցարաների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել, հաղորդում է РИА Новости-ն:

Ըստ աղբյուրի՝ բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ շշեր և այլ առարկաներ են նետում, փորձում են ներխուժել կառավարության շենք: Ոստիկանները հետ են մղում ցուցարարներին:

Իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունենում նաև Իսպանիայի Լերիդա քաղաքում: Ժիրոնայում ընթացող բողոքի ակցիաները, որոնց մի քանի հազար մարդ է մասնակցում, դեռևս խաղաղ է անցնում:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում բողոքի ցույցերը սկսվել են երկուշաբթի այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը կատալոնացի 12 քաղաքական գործչի դատապարտել է 2017-ին անկախության անօրինական հանրաքվեին ներգրավված լինելու համար: Անկարգությունների հետևանքով, որի էպիկենտրոնը Բարսելոնայի օդանավակայանն էր, երկուշաբթի տուժել է 131 ցուցարար և մոտ 70 իրավապահ:

Անցած երկու օրվա ընթացքում արմատականները Իսպանիայի տարբեր շրջաններում արգելափակել են ավտոճանապարհներ և երկաթգծեր: Յոթ ճանապարհ շարունակվում է արգելափակված մնալ: