«Անկախության շարժումը չպետք է ուղեկցվի բռնությամբ». Կատալոնիայի կառավարության ղեկավարը դատապարտել է Բարսելոնայում բողոքի ցույցերը (լուսանկարներ)
Կատալոնիայի ինքնավար շրջանի կառավարության ղեկավար Կիմ Տորան դատապարտում է Բարսելոնայում հաճախակի դարձած անկարգությունները, հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան:
«Անկախության շարժումը չպետք է ուղեկցվի բռնությամբ: Մենք միշտ դատապարտել ենք բռնությունը: Չի կարելի թույլ տալ այնպիսի միջադեպեր, որոնց ականատես ենք լինում մեր փողոցներում»,- հայտնել է Կիմ Տորան:
Հիշեցնենք, որ կատալոնացի քաղաքական գործիչները, որոնք կապված էին 2017 թվականին Կատալոնիայի ինքնավար շրջանում անկախության հանրաքվե կազմակերպելու հետ, դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման: Իսպանիայի գերագույն դատարանն այս որոշումը հրապարակել էր հոկտեմբերի 14-ին:
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անց էր կացվել անկախության հարցով հանրաքվե, որը չէր ճանաչվել Իսպանիայի կողմից, Սահմանադրության 155-րդ հոդվածով սահմանափակվել էին Կատալոնիայի ինքնիշխանության իրավունքները: Այդ իրադարձություններից հետո մի շարք կատալոնացի քաղաքական գործիչներ ձերբակալվել էին, մի մասն էլ փախել էր Իսպանիայից, այդ թվում՝ Կատալոնական ինքնավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը: Նա ներկայում ապաստանել է Բելգիայի Թագավորությունում:












