Կատալոնացի քաղաքական գործիչները, որոնք կազմակերպել էին անկախության հանրաքվեն, դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման
Կատալոնացի քաղաքական գործիչները, որոնք կապված էին 2017 թվականին Կատալոնիայի ինքնավար շրջանում անկախության հանրաքվե կազմակերպելու հետ, դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Իսպանիայի գերագույն դատարանն այս որոշումը հրապարակել է այսօր՝ հոկտեմբերի 14-ին:
Գործով անցնող 12 մարդկանց մի մասը մեղավոր է ճանաչվել ապստամբությունների և խռովությունների հրահրման համար: Ամենամեծ ազատազրկման ժամկետը ստացել է Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Օրիոլ Ժունկերասը՝ 13 տարի:
Կատալոնիայի ազգային ասամբլեայի նախկին նախագահ Ժորդի Սանչեսը և «Օմնիում կուլտուրալ» կազմակերպության նախագահ Ժորդի Կուիշարտը դատապարտվել են 9 տարվա ազատազրկման, իսկ խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Բացի այդ, գործով անցնող մարդկանց արգելված է որոշակի ժամանակ քաղաքական պաշտոններ զբաղեցնել:
Իսպանիայի դատախազությունը պահանջում էր մինչև 25 տարվա ազատազրկում:
Ապստամբության և խռովությունների հրահրման միջև տարբերությունն այն է, որ դրանցից մեկը համարվում է հանցագործություն սահմանադրական կարգի նկատմամբ, այնինչ մյուսը՝ քաղաքացիական կարգուկանոնի:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անց էր կացվել անկախության հարցով հանրաքվե, որը չէր ճանաչվել Իսպանիայի կողմից, Սահմանադրության 155-րդ հոդվածով սահմանափակվել էին Կատալոնիայի ինքնիշխանության իրավունքները: Այդ իրադարձություններից հետո մի շարք կատալոնացի քաղաքական գործիչներ ձերբակալվել էին, մի մասն էլ փախել էր Իսպանիայից, այդ թվում՝ Կատալոնական ինքնավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը: Նա ներկայում ապաստանել է Բելգիայի Թագավորությունում:










