Ռուբեն Մելիքյանը կոչ է անում Հրայր Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ

10:55 • 18.10.19

Կոչ եմ անում գործընկեր իրավապաշտպաններին, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններին և այլ քաղաքացիներին այսօր 14:30-ին լինել Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` նշելով, որ իր տեղեկություններով` հենց այդ ժամին են ԱԱԾ հրավիրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը:

«ՍԴ նախագահի նկատմամբ նոր տեսակի, նոր որակի, նոր ցածրության հետապնդումներ են: Մտածեցի, որ պատշաճ է, որ այս հարցը նաև քաղաքացիական հասարակության մակարդակով բարձրացվի ոչ միայն ֆեյսբուքյան ստատուսներ գրելով կամ հարցազրույցներ տալով, այլև հենց հարցաքննության ժամանակ տեղում լինելով»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով` ԱԱԾ-ի մոտ լինելու նպատակները երեքն են: «Առաջին` ցույց տալ խիստ անհամաձայնություն այս իրավական և բարոյական կարմիր գծերը տրորելուն, երկրորդ` քննարկել ստեղծված իրավիճակը և դրա հաղթահարման իրավական ուղիներ, և երրորդ` գործնականում տեղեկություններ ստանալ Թովմասյանի հոր ու դուստրերի փաստաբանից»,-ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք նաև, որ երեկ երեկոյան Հրայր Թովմասյանի հոր`Դարակերտ համայնքում գտնվող առանձնատուն էին այցելել Ազգային անվտանգության ծառայության քննիչները, իսկ այսօր ՍԴ նախագահի հայրն ու դուստրերը հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության: