Չիլիում զինվորական բեռնատարն անցել է 22-ամյա ցուցարարի վրայով
Չիլիում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ զինվորական բեռնատարն անցել է ցուցարարներից մեկի վրայով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով BioBioChile ռադիոալիքի հայտարարությանը:
22-ամյա ցուցարարի վրաերթի դեպքը տեղի է ունեցել Տալկաուանո քաղաքում: Ինչպես հաղորդվում է, զինվորականները դեպքի վայր էին ժամանել կողոպուտի ահազանգի հետքերով: Զինվորականներին տեսնելով՝ մի քանիսը փախել են, բեռնատարը վրաերթի է ենթարկել փախչող տղամարդկանցից մեկին, քանի որ «չի կարողացել ժամանակին արգելակել»:
Չիլիում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի 6-ին կառավարության՝ մետրոյի ուղեվարձը 30 պեսոյով (0,042 դոլար) բարձրացելու պատճառով: Բողոքի խաղաղ ցույցերը հոկտեմբերի 18-ին վերաճել են իրավապահ մարմինների հետ բախումների. ցուցարարները բարիկադներ են կառուցել, վնասել մետրոյի կայարանները, այրել առևտրի կենտրոնները և ավտոբուսները: Հոկտեմբերի 19-ին մայրաքաղաք Սանտիագոյում զրահապատ մեքենաներ են դուրս բերվել, և պարետային ժամ է հայտարարվել: Ավելի վաղ հայտարարվել է 11 զոհի մասին:










