Պենտագոնն Աֆղանստանից զորքերի լիակատար դուրսբերման ծրագիր է մշակում. NBC
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը վերջին շրջանում մշակում է Աֆղանստանից զորքերի լիակատար դուրսբերման պլան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան որոշման դեպքում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարը, հաղորդում է NBC news-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ գերատեսչությունը մշակում է Աֆղանստանից զորքերի շտապ դուրսբերման պլան՝ առաջիկա շաբաթներին համապատասխան որոշում կայացվելու դեպքում:
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, Պենտագոնում պատրաստվում են, որ ամերիկացի զինծառայողների դուրսբերման հրամանը կարող է լինել նույնքան անսպասելի, որքան Սիրիայի հետ կապված իրադրությունը:
Ընդ որում՝ NBC-ի աղբյուրներն ընդգծում են, որ ներկա պահին ԱՄՆ զինուժի դուրսբերման դեպքում գործողությունների մշակումն ավելի շուտ կանխարգելիչ բնույթ է կրում և «խելամիտ պլանավորման» օրինակ է, քանի որ նման հրամանի նախապատրաստման մասին խոսք դեռևս չի գնում:
Սակայն աղբյուրներից մեկը նշել է, որ Սիրիայի վերաբերյալ Թրամփի գործողությունները կարելի է համարել Աֆղանստանում պլանավորվող գործողությունների «գլխավոր փորձ»:









