Կառավարությունը 424 մլն դրամ է հատկացրել մինչև տարեվերջ անտառների վերականգման գործընթացը սկսելու նպատակով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

10:20 • 22.10.19

Կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել և 424 մլն դրամ է հատկացրել մինչև տարեվերջ Հայաստանում անտառների վերականգման գործընթաց սկսելու համար: Այս մասին «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, մեր երկիրն արդեն տևական ժամանակ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այս բացասական երևույթն առաջացել է մեր երկրի անկախության առաջին տարիներին առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես էներգետիկ ոլորտում»,- ներկայացրեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում անտառների կենսունակության անկմանը նաև նպաստել է կլիմայի փոփոխության գլոբալ միտումը: Վարչապետը նշեց, որ խնդիրը լուծելու համար համատեղ ջանքեր են պետք և միջոցառումներ, որոնք հարթակ են տրամադրում խնդիրը բարձրացնելու համար:

ՀՀ վարչապետը նաև ներկայացրեց, որ Armenian Tree Project-ը 25 տարիների գործունեության ընթացքում Հայաստանում շուրջ 6 մլն ծառ է տնկվել: «Մենք երախտապարտ կլինենք Ձեր մասնակցությանը մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկը կրկնապատկելու ռազմավարական ծրագիրը իրականացնելու համար»,- նշեց նա:

«Մենք պլանավորում ենք, որ այս տարի մինչև տարեվերջ 140 հեկտարի վրա շուրջ 500 հազար տնկի ավելացնել: Այս նախագիծը շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղ է ստեղծել ՀՀ-ում, որից 500-ը արդեն համալրված են»,- ասաց վարչապետը և հավելեց, որ նրանք, ովքեր ցանկանում են՝ կարող են ներգրավվել այս նախագծում։