Բրիտանիայում բեռնատարում հայտնաբերված 39 դիերի գործով ևս 2 մարդ է ձերբակալվել
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 39 մարդու մահվան գործով ևս երկու կասկածյալի, որոնց մարմինները հայտնաբերվել են Էսսեքս կոմսությունում բեռնատարի կցասայլում, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Նշվում է, որ ձերբակալվել են Ուորինգթոն քաղաքից 38-ամյա մի տղամարդ և 39-ամյա մի կին: Նրանց կասկածում են մարդկանց ապօրինի տեղափոխման և 39 մարդու չկանխամտածված սպանության մեջ։
Աղբյուրը հաղորդում է, որ այս գործով ընդհանուր թվով ձերբակալվել է երեք մարդ։ Ավելի վաղ ձերբակալվել էր Հյուսիսային Իռլանդիայից բեռնատարի 25-ամյա վարորդը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, անգլիական Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական պարկի տարածքում գտնվող բեռնատարում 39 մահացած մարդ էր հայտնաբերվել, որոնք Չինաստանի քաղաքացիներ էին եղել։
Բեռնատարում գտնված 39 ներգաղթյալները՝ 38 չափահաս և 1 դեռահաս, չէին դիմացել ցրտին, սակայն նրանց օգնության կանչերը ոչ ոք չէր լսել:
Ոստիկանության համաձայն՝ նրանք Մեծ Բրիտանիա են մեկնել Բելգիայից՝ բեռնատար նավով:









