ՀՊՄՀ–ում տեղի է ունեցել «Կայսրությունների  փլուզումը XX դարում.  նոր պետություններ և նոր ինքնություններ» խորագրով գիտաժողով (տեսանյութ)

18:39 • 25.10.19

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել «Կայսրությունների  փլուզումը XX դարում.  նոր պետություններ և նոր ինքնություններ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողով, որի ժամանակ բացման խոսքով ելույթ է ունեցել նաև համալսարանի ռեկտոր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը։

Ռեկտորը նշել է, որ 20-րդ դարը կայսրությունների կործանման ու ազգային մի շարք պետությունների առաջացման դարաշրջան էր: «Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո Ավստրո-Հունգարական, Ռուսական կայսրությունների և ԽՍՀՄ փլուզումով ևս մեկ անգամ հաստատվեց մի ճշմարտություն՝ պատմությունը ոչինչ չի սովորեցնում»,- նշել է Ռուբեն Միրզախանյանը։

Նա նաև անդրադարձել է վերջերս կայացած թուրքալեզու պետությունների առաջնորդների հավաքին, որտեղ կրկին կոչ է արվում ստեղծել թուրքական կայսրություն:

«Հյուսիսային Սիրիայում վերջին իրադարձությունները գործնական ապացույցն են այդ սարսափելի և դարերի ընթացքում մշակված ծրագրի: Նրանք դրանով հակադրության մեջ են մտնում իրականության մի պարզ ճշմարտության հետ՝ կայսրությունները, ինչպես նախապատմական կենդանիները, ապագա չունեն  և  դատապարտված են մահվան»,- նշել է Ռուբեն Միրզախանյանն ու հավելել, որ եռօրյա գիտաժողովի աշխատանքներն Արցախում շարունակելու հանգամանքը ևս մեկ անգամ կվերահաստատի, որ մեծապետական, կայսրական տրամադրություններն ապագա չունեն: 

ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի և Ֆրանսիայի Լիլի համալսարանի օտար քաղաքակրթությունների, լեզուների և գրականության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Ֆրանսիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Սլովակիայից, Արցախից: Գիտաժողովի նպատակն է քննարկել նոր պետությունների կազմավորման մշակութային և քաղաքական հիմքերը, հասկանալ, թե ինչպես են կայացել ազգային պետությունները: Այս զարգացումներն անքակտելիորեն կապված են պատմական անցյալի նոր մեկնաբանության հետ:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը կարևորել է գիտաժողովի անցկացումը ոչ միայն բուհի, այլև ֆակուլտետի միջազգայնացման տեսանկյունից և ընդգծել, որ սա ուսանողներին և դասախոսներին հնարավորություն կտա լսել նաև օտարազգի գիտնականների տեսակետները 20-րդ դարի կարևոր աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին:

«Երբ ասում ենք 20-րդ դար, 2 մեծ երևույթներ ենք նկատի ունենում՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները և կայսրությունների փլուզումն ու նոր պետությունների առաջացումը: Հայաստանն ապրում է մի տարածաշրջանում, որ վաղնջական ժամանակներից հանդիսացել է խաչմերուկ, ներառվել կայսրությունների մեջ: Մենք, ավելի քան այլ ազգեր, հասկանում ենք, թե ինչ է նշանակում լինել կայսրությունների կազմում՝ իր դրական և բացասական հետևանքներով»,- նշել է Էդգար Հովհաննիսյանը:

Ֆրանսիայի Լիլի համալսարանի դոցենտ Գարիկ Գալստյանն էլ ընդգծել է, որ սա հայ և ֆրանսիացի գործընկերներին միավորող հիանալի գիտական թեմա է. Հայաստանը երկար ժամանակ կայսրությունների մաս է կազմել, իսկ Ֆրանսիան այսօր Եվրամիության մաս է, մի կառույցի, որը կարելի է որակել որպես կայսրություն:

«Երբ տեղի են ունենում փոփոխություններ, դա հանգեցնում է նաև արժեքների փոփոխության: Մենք բոլորս եկել ենք եվրոպական երկրներից, որոնք ունեն արժեքների պարադոքս: Նրանք իրավունքի պաշտպան են, բայց միևնույն ժամանակ գաղութարարներ են, օգտագործում են երկակի արժեքներ իրենց կողմից գաղութացրած երկրներում»,- նշել է Գարիկ Գալստյանն ու հավելել, որ կայսրությունների անկումը բերում է նոր բնույթի՝ քաղաքական, կրոնական, տնտեսական կայսրությունների ստեղծման. դրանք իրենց հերթին նույնպես դատապարտված են փլուզման:

Նա այն կարծիքին է, որ Բրեքզիտը կարելի է համարել Եվրամիության վերջի սկիզբը: Խոսելով կայսրություններում ինքնության տեղի մասին՝ Գարիկ Գալստյանը հավելել է, որ բազմազանությունը հարստություն է բոլորի համար և կայսրությունները պետք է համակերպվեն ավելի օրինական դառնալուն. «Անցյալի վերլուծությունը կարող է օգնել ներկան հասկանալու և ապագայի համար ուղենիշներ տալու համար»:

ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանն էլ, խոսելով տարբեր կայսրությունների փլուզման պատճառների, դրանց հետևանքով ժողովուրդների ստացած անկախության մասին, ընդգծել է, որ Ռուսական կայսրության փլուզումը հնարավորություն տվեց վերականգնելու հայկական պետությունը: Հայաստանի առաջին հանրապետության հենքի վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը, ապա՝ այսօրվա երրորդ հանրապետությունը:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում և քննարկել, թե ինչպես են պատմագիտության մեջ ներկայացվել կայսրական, գաղութային անցյալի հետ կապերը, դրանց արտահայտումը «ազգային պատմությունն ընդդեմ կայսերական պատմության» բանաձևի միջոցով, փաստերի խեղաթյուրման, պատմական անցյալի նկատմամբ նոր մոտեցումները, որոնք դառնում են նորաստեղծ ազգերի համախմբման կամ ներքին բաժանման տարր:

Հայ և օտարազգի գիտնականներն անդրադարձել են նաև ազգային պատմագրության զարգացումը բնութագրող հիմնական միտումներին, ազգային և կայսերական պատմությունների վերանայմանը, հետգաղութային կամ հետկայսրական հասարակություններում անցյալի և ժամանակակից պատմությունների մեկնաբանման նոր մոտեցումներին և այլն:

«Կայսրությունների  փլուզումը XX դարում.  նոր պետություններ և նոր ինքնություններ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Արցախում: