Ճապոնիայում մոլեգնող «Հագիբիս» թայֆունի հետևանքով 2 շաբաթ անց գրեթե 4500 մարդ շարունակում է անօթևան մնալ
Ճապոնիայում մոլեգնող «Հագիբիս» կործանարար թայֆունի հետևանքով երկու շաբաթ անց գրեթե 4,5 հազար մարդ շարունակում է գտնվել տարհանման կենտրոններում, հաղորդում է ria.ru-ն։
Վերջին գնահատականների համաձայն՝ երկրի 21 պրեֆեկտուրայում ավելի քան 77 հազար բնակելի տուն մասամբ վնասվել է կամ ամբողջությամբ ավերվել: Առավել մեծ ավերածություններ են գրանցվել Ֆուկուսիմա, Իբարակա և Իվատե պրեֆեկտուրաներում։
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամենաուժեղ թայֆունը, որն ուղեկցվել է փոթորկոտ քամիներով և տեղատարափ անձրևներով, Ճապոնիայում մոլեգնել է հոկտեմբերի 12-ին: Թայֆունի հետևանքով ափերից դուրս են եկել երկու տասնյակ գետեր, հեղեղվել են Տոկիոյի ծայրամասերից մինչև Նիիգատա քաղաքն ընկած շրջանները:
Վերջին տվյալների համաձայն՝ Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով առաջացած հեղեղումների և սողանքների զոհ է դարձել 88 մարդ, ևս յոթը մնում են անհայտ կորած, տուժածների թիվը գերազանցել է 400-ը:









