Արգենտինայում համընդհանուր ընտրություններ են անցկացվում

17:09 • 27.10.19

Արգենտինայում մեկնարկել է քվեարկությունը նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08:00-ին (երևանյան 15:00) և կավարտվեն 18:00-ին (երևանյան 01:00)

Բարձրագույն պետական պաշտոնին հավակնում է վեց թեկնածու: Հիմնական պայքարը կծավալվի երկրի ներկայիս ղեկավար Մաուրիսիո Մակրիի և ընդդիմադիր առաջնորդ, նախկին վարչապետ Ալբերտո Ֆերնանդեսի հետ:

Երկրի ղեկավարից բացի արգենտինացիներն այսօր ընտրում են Կոնգրեսի 24 սենատորի և 130 պատգամավորի: Ինչպես ակնկալվում է, նախնական արդյունքները կհրապարակվեն տեղի ժամանակով երեկոյան: Քվեարկությունը պարտադիր է համարվում Արգենտինայի 16 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար:

Առաջին տուրում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է ստանա ընտրողների ձայների 45 կամ 40 տոկոսը, եթե մոտ կանգնած մրցակցից առաջ անցնի առնվազն 10 տոկոսով: