Նույնիսկ Փաշինյանի ամառանոց գնացինք, սակայն մինչ այսօր պատասխան չունենք. Եկմալյան փողոցի 4-16 շենքերի բնակիչները փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանների համար
Անտարբերության ենք մատնված: Քաղաքապետարանից, թաղապետարանից չեն էլ հարցնում թե ինչի համար ենք մենք բողոքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Եկմալյան փողոցի 4-16 շենքերի բնակիչներից մեկը: Բնակիչների բնակարանները 10 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով:
Եկմալյան փողոցի 28 ընտանիքի 2008 թվականին հանել են իրենց բնակարանից, ինչի համար բողոքի ակցիա են անցկացնում իրենց հին տների մոտ և պահանջում, որ փոխհատուցեն իրենց բնակարանների համար:
Ակցիայի ընթացքում նույն բնակիչն ասաց, որ արդեն 13 տարի է, ինչ պայքարում են, սակայն կառավարությունից, թաղապետարանից, քաղաքապետարանից միայն արհամարհանքի են արժանացել:
«Մենք մեր երկրի հպարտ քաղաքացի ենք, չէ՞: Հիմա գնանք բակ՝ տեսեք թավշյա բուրմունքը: Ամբողջ կազմով, անգամ սայլակով մարդկանց մեզ հետ տարանք Նիկոլ Փաշինյանի՝ Դեմիրճյան փողոցի վրա գտնվող ամառանոց, ու մինչ այսօր մենք պատասխան չունենք: Մենք ներդրող բերեցինք, Հայկ Մարությանը մերժեց նրան»,- ասաց քաղաքացին և ներկայացրեց, որ ներդրող են բերել՝ մտածելով՝ կառավարությանը նեղություն չտան:
«Այս տարի ԱԱԾ դիմել եմ՝ զրո պատասխան, դատախազություն դիմել եմ՝ ոչ մեկը ոչ մի պատասխան չի տվել: Սա էր հեղափոխությունը: Ամեն անգամ կառավարության դիմաց ակցիա ենք անում, իջնում են, մեզ լսում են ու ասում են՝ մենք կպատասխանենք, անպայման կփոխհատուցենք, ու չկան»,- ներկայացրեց բնակիչը:









