Ես կմնամ այս երկրում և մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ՝ արդար եմ. Արա Բաբլոյան (տեսանյութ)
Ես բացառապես համաձայն չեմ և ես հայտարարել եմ, որ մեղադրանքը ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը` անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին:
«Ես ինչ-որ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել, և ամեն ինչ եղել է ճիշտ այնպես ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»,-ասաց նա:
Արա Բաբլոյանը նշեց, որ հիմա քաղաքականությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է միայն առողջապահությունով: «Ես այս պահին ունեմ մի նպատակ, որ ժողովուրդը ինչպես ինձ հարգել է, այնպես շարունակի ինձ հարգել, ես կմնամ այս երկրում, ոչ մի տեղ չեմ գնա, ես մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ ես արդար եմ, և որևէ ապօրինություն չեմ արել»,-ասաց նա:
Հարցին, թե համարո՞ւմ է սա քաղաքական հետապնդում, նա ասաց, որ գործընթացը շարունակվի՝ կտեսնեն:
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Արա Բաբլոյանի մեղադրանքը վերաբերում է երկու հոդվածների, առաջինը` իշխանության յուրացում` 300 հոդվածը, որը ՀՀ-ում երբևէ չի կիրառվել, նաև միջազգային փորձում նույնպես: Երկրորդ հոդվածը 314-րդն է՝ պաշտոնական կեղծիքի մասով: «Երկու մասով էլ մեղադրանքը չենք ընդունում, գտնում ենք, որ անհիմն են»,-ասել է նա:









