Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է զանգվածային սպանություն պլանավորող 18-ամյա երիտասարդ

15:28 • 28.10.19

Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է տեխնիկումում զանգվածային սպանություն պլանավորող մի երիտասարդ, գրում է РИА Новости-ն:

Նրան քննչական մեկուսարան տեղափոխելու որոշումը դատարանը կայացրել է հանգստյան օրերին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն երկուշաբթի:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Լուխովիցկիյ շրջանի ագրարաարդյունաբերական տեխնիկումի երրորդ կուրսի 18-ամյա ուսանող Բորիս Բանինը Մակարով տեսակի ատրճանակ էր գնել՝ իրեն նսեմացնող համակուրսեցիների հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով: Երիտասարդին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Տեղեկատվության հաստատման դեպքում այս միջադեպը կլինի երկրորդ կանխված միջադեպը Ռուսաստանում վերջին ամիսների ընթացքում:

Սեպտեմբերի վերջին ՌԴ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին Կիրովի մարզի դպրոցներից մեկում զանգվածային սպանության դեպքի կանխման մասին: Սպանությունը պլանավորել էր դպրոցի աշակերտներից մեկը՝ դպրոցի այլ աշակերտների հետ կոնֆլիկտի պատճառով:

2018 թվականին ամենամեծ հնչեղություն ստացած զանգվածային սպանության դեպքերից մեկի հետևանքով մահացել է 21, տուժել՝ 67 անձ: