Ֆրանսիական նավահանգստում բեռնատարում ցրտահարված ներգաղթյալներ են հայտնաբերվել

09:43 • 28.10.19

Ֆրանսիայի Կալե նավահանգստի մաքսային ծառայության աշխատակիցները երկրի հյուսիս-արևմուտքում սառնարանային բեռնատարի զննության ժամանակ հայտնաբերել են ութ անօրինական ներգաղթյալի, այդ թվում՝ չորս երեխայի, գրում է Radio France-ը:

Աղբյուրը, վկայակոչելով դատական ատյաններում աղբյուրներին, հաղորդում է, որ բոլորը ողջ են, թեև տուժել են ցրտահարությունից:

Հաղորդվում է, որ զննումն իրականացվել է այն ժամանակ, երբ բեռնատարը պետք է տեղափոխվեր լաստանավ, որն ուղևորվելու էր Մեծ Բրիտանիա:

Փրկարար ծառայությունը հայտնել է, որ ապօրինի ներգաղթյալները ծանր վիճակում են գտնվել ցրտահարության հետևանքով: Նրանք առաջին բուժօգնություն են ստացել։ Սառնարանում ջերմաստիճանը եղել է -7 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներգաղթյալները պնդում են, որ աֆղանցիներ են: Բեռնատարի վարորդները եղել են Ռումինիայի քաղաքացիներ. նրանք ձերբակալվել են: