Ալ Բաղդադիի մարմնի մնացորդները տեղափոխվել են Իրաքի ռազմաբազա. Al Sumaria

17:31 • 28.10.19

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացված ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մարմնի մնացորդները տեղափոխվել են Իրաք, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Al Sumaria հեռուստաալիքին:

Հեռուստաալիքը հայտնել է, որ Ալ Բաղդադիի մնացորդները հանձնվել են Իրաքի Անբար շրջանում գտնվող Այն էլ Ասադի ռազմաբազա, սակայն չի մանրամասնել, թե ով է դա արել: Նշված տարածքում են ապրում ամերիկյան զինվորականները: Հեռուստաալիքը չի բացառել, որ «Իսլամական պետության» առաջնորդը կթաղվի Իրաքի տարածքում: Ըստ CNN հեռուստաընկերության տվյալների էլ՝ Ալ Բադադիի մնացորդները ծովն են նետվելու:

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սիրիական Իդլիբ նահանգում իրականացված հատուկ գործողության արդյունքում Ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Թրամփը հատուկ գործողությանն աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային և Թուրքիային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հավաստի տեղեկատվություն չունեն Բաղդադիի ոչնչացման մասին:

Միջազգային հանրությունն Ալ Բաղդադիի ոչնչացումը կարևոր, սակայն դեռևս ոչ որոշիչ քայլ է անվանել՝ կոչ անելով պայքարել ահաբեկչության դեմ: