Քանիցս նշել եմ, որ ոստիկանությունում ամենից շատ գումար պետք է տանեմ տուն ես՝ նկատի ունենալով, որ ամենաբարձրն իմ աշխատավարձն է․ ոստիկանապետի պաշտոնակատար

15:17 • 28.10.19

Մեր ընդհանուր խորհդակցություններին քանիցս նշել եմ, որ ոստիկանությունում ամենից շատ գումար պետք է տանեմ տուն ես՝ նկատի ունենալով, որ ամենաբարձրն իմ աշխատավարձն է: Այս մասին ԱԺ-ում 2020 թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն քայլերին։

«Հետևապես, եթե որևէ մեկն ինչ-ինչ պայմաններից ելնելով, ավելի բարձր վարձատրվի, կամ ինքն իրեն վարձատրի, ուրեմն կան կոռուպցիոն ռիսկեր: Հետևողական ենք լինելու և իրենց նկատմամբ կիրառելու ենք բոլոր տեսակի միջոցները»,-ասաց նա։

Պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե ինչո՞ւ բյուջեում ոստիկանության բարեփոխումների համատեքստում որևէ հատկացում նշված չէ` ոստիկանապետի պաշտոնակատարը պատասխանեց․ «Որևէ տեղ չկա, որ մենք պետք է կոռուպցիայի դեմ պայքարենք, բայց որևէ տեղ ներառված չէ նաև, որ որևէ մեկին թույլատրված է իրակացնել կոռուպցիոն գործարքներ։ Հետևապես, վերևից սկսած տրված է հանձնարարական՝ առաջին օրվանից հետևել բարեվարքության կանոններին և մոտավորապես այս բնույթի՝ «ինչպես կցանկանաք, որ վերաբերվեն ձեզ, նույն տրամաբանությամբ վերաբերվեք քաղաքացիներին»»,-ասաց նա և ավելացրեց, որ խոսքը վերաբերվել է անձնագրային և ճանապարհային ոստիկաններին, քանի որ ծառայություն հենց այս ստորաբաժանումներն են իրականացնում։

Արման Սարգսյանը նշեց՝ պետք է լինել հետևողական, պահանջել, որ որևէ մեկը նույնիսկ մտքով չանցկացնի, որ կարելի է ինչ որ համակարգված կոռուպցիոն մեխանիզմներ մշակել։