Արսեն Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդման ընթացքում թույլ տրված խախտումների փունջն ներկայացրել ենք ՄԻՊ-ին․ Երվանդ Վարոսյան
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արսեն Բաբայանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։
«Այսօր դիմում հանձնեցինք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընթացքում թույլ տրված խախտումների ողջ փունջն ու պահանջելով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ՝ վերականգնելու նրա խախտված իրավունքները, առաջին հերթին՝ ազատության իրավունքը»։
Հիշեցնենք որ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։
Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:









