Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունի մնացորդները հնարավոր է՝ նետեն ծովը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունի մնացորդները հնարավոր է` նետեն ծովը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՚ Բրայենը, իր հերթին, նշել է, որ ալ Բաղդադիի աճյունի մնացորդների հետ հնարավոր է վարվեն այնպես, ինչպես ժամանակին «Ալ-Քաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա Բեն Լադենի մարմնի հետ:
Այս տեղեկությունը պաշտոնական հաստատում դեռ չի ստացել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ:
Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, աղբյուրին հայտնել է, որ «ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։
Հիշեցնենք, որ Բեն Լադենի մարմինը նետվել էր Արաբական ծովը:









